March 5

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Հյուսիսից արշավող ի՞նչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը պայքարել է հյուսիսից արշավող սկյութական ցեղերի դեմ։
2․ Ե՞րբ է Սարդուրի 3-ը հիշատակվում ասորեստանյան արձանագրություններում։

Սարդուրի 3-րդն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ 
3․ Ո՞վքեր էին Վանի թագավորության վերջին հայտնի արքաները։

Վանի թագավորության վերջին հայտնի արքաներն էին՝ Սարդուրի 3-րդ և Սարդուրի 4-րդ։
4․ Ե՞րբ է անկում ապրել Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը անկում է ապրել Ք․ա․ 643 թվականին։
5․ Ներկայացրեք Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։

Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը

March 5

Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

Պարույր նահապետը` հայոց թագավոր: Ինչպես արդեն ասվել է, Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշպարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք.ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշպանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

Երվանդ առաջին Սակավակյաց: Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

Տիգրան 1 Երվանդյան: Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:

Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:

Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան 1-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուչոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո` մինչև Ք.ա. 522 թ.:

Տիգրան Երվանդյանին հաջորդեց նրա ավագ որդի Վահագնը: Նրան անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: 

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.):Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: 

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով:Սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան